Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

Կարեն Կարապետյանի քաղաքական նոր հայտը՝ հեռուն գնացող մտադրություններով

Կարեն Կարապետյանի քաղաքական նոր հայտը՝ հեռուն գնացող մտադրություններով
23.12.2014 | 20:38

Կար ժամանակ, որ մոսկվաբնակ հայ մեծահարուստ Սամվել Կարպետյանի եղբոր՝ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի անունը սերտորեն ասոցացվում էր բացառապես իշխանության հետ: Նախագահական պալատ Սերժ Սարգսյանի գալուց հետո համառորեն խոսակցություններ էին շրջանառվում, որ հենց Կարեն Կարապետյանն է դառնալու Հայաստանի վարչապետ: Այդ կանխատեսումները չիրականացան, Կարապետյանը նշանակվեց նախագահի աշխատակազմի ղեկավար, սակայն հրապարակային հարցազրույցներով ու հայտարարություններով աչքի չէր ընկնում: 2011-ին նա հեռացավ այդ պաշտոնից ու առանձնապես իր մասին չէր հիշեցնում:
2012-ին նա դարձյալ պատգամավոր էր՝ կառավարող ՀՀԿ խմբակցության կազմում ու, համենայն դեպս, չեմ հիշում հրապարակային որևէ դեպք, երբ նա անձնավորված քննադատություն հասցեագրի հանրապետության նախագահին:
«Տաշիր գրուպի» սեփականատերերից մեկն իր քաղաքական նոր հայտը սկսեց ձևակերպել վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո: Չգիտեմ՝ նախկինում Կարապետյանը ձգտել է վարչապետության. թե՞ ոչ, սակայն այս տարվա գարնանը, հանրապետության նախագահը հենց նրան էր ցանկանում տեսնել կառավարության ղեկավարի պաշտոնում: Այդ մասին հրապարակավ հայտնել է նաև Գալուստ Սահակյանը: Սակայն Կարապետյանը հրաժարվեց այդ պաշտոնից ու հենց այդ պահից էլ սկսեց որոշակի հաճախականությամբ հարցազրույցներ տալ, որոնցում առկա է քննադատություն իշխանության, հատկապես՝ կառավարության քաղաքականության հանդեպ, բայց այդ քննադատության ոճն ու բառապաշարը տարբեր են հարթակային ընդդիմության լեքսիկոնից: Մյուս կողմից, հանրապետական պատգամավորն իրեն դուրս է դրել նաև խորհրդարանական մեծամասնությունից՝ զուտ քաղաքական ասելիքի ու գնահատականների առումով: Օրինակ, խոսելով տնտեսական ճգնաժամի մասին, նա երեկվա հարցազրույցում ասում է. «Այդ նույն իշխանավորներն առաջին հերթին թող իրենց գոտիները ձգեն: Եվ եթե իրապես նրանք ձգեն իրենց գոտիները, հասարակությունը գոտի ձգելու կարիք չի ունենա: Դուրս եկեք հասարակության մեջ և կտեսնեք, որ մարդիկ ուղղակի ասում են՝ դուք քիչ կերեք, մենք գոտիներ ձգելու անհրաժեշտություն չենք ունենա»:
Նույն հարցազրույցի մեկ այլ դրվագում Կարապետյանն ասում է. «Կարող ենք ստանալ անվերահսկելի իրավիճակ, երբ մի կողմից ամեն մի անլվա ու փնթի իրեն իրավունք կվերապահի ձեռք բարձրացնել կյանքի անցած ուղի ու վաստակ ունեցող մարդկանց վրա, ոմանք ինչ-ինչ նկատառումներից ելնելով բռնությունը կփորձեն արմատավորել քաղաքական դաշտում, մյուս կողմից, գուցե ոմանք սկսեն նույնիսկ անձնական դրդապատճառներով ամեն մի քաշքշուկ ներկայացնել որպես քաղաքական հալածանք»:
Հատկապես վերջին մեջբերումը հուշում է, որ գործ ունենք քաղաքական նոր հայտի հետ, որը չի տեղավորվում գործող իշխանության կամ հարթակային ընդդիմության շահերի ծիրում:
Երեք տարի հետո Սերժ Սարգսյանը հեռանում է իշխանությունից, ձևավորվելու է նոր համակարգ: Այսօրվա իշխանության ու ընդդիմության պայքարը հենց այդ՝ այսօրվանից չտարբերվող համակարգում ազդեցություն ձեռք բերելու համար է:
Ֆինանսական ու ինստիտուցիոնալ ռեսուրսի պակաս չունեցող մարդը ձեռնոց է նետում հենց հնարավոր հավակնորդներին՝ հասկացնելով, որ ինքը կարող է նաև լուրջ հավակնություններ ունենալ: Անկայուն քաղաքական համակարգերում նման բան միանգամայն հնարավոր է, որովհետև հասարակությունները սովորաբար իրենց օտարված են զգում կոռումպացված իշխանություններից, ինքնահավան ընդդիմությունից ու հաճախ, շատ հաճախ նոր դեմքերի ու ասելիքի ցանկություն են ունենում: Հենց այդպես է ծնվել Բիձինաշվիլու ֆենոմենը: Այստեղ կարևորն այն է, որ այդ նոր ֆիգուրն ունենա իշխանության վերահսկողությունից դուրս գտնվող ռեսուրսներ ու տրադիցիոն ընդդիմությունից տարբերվող ասելիք:
Կարապետյանը դա, ինչպես նաև մեկ այլ հաղթաթուղթ ունի. նրա ընտանիքն ամուր կապեր ունի ռուսական էլիտայի հետ, իսկ դա շատ կարևոր է եվրասիականացող Հայաստանի համար:
Այս ամենը հնարավորություն է տալիս, որպեսզի Կարեն Կարապետյանը մասնակցի 2017-2018-ի ընտրական ցիկլին ու նոր իշխանության ձևավորման գործընթացին, եթե, իհարկե, նրան չխանգարեն օլիգարխիային բնորոշ սպառողական հոգեբանությունն ու ֆալստարտին տրվելու գայթակղությունը:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1833

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ